Երկար սպասված ուսումնական տարվա մեկնարկը վերջապես տրվեց: Ճիշտ է, այս անգամ սովորական դարձած սեպտեմբերի մեկի փոխարեն սեպտեմբերի տասնհինգին, բայց ավելի սպասումով, կարոտով և դրական հույզերով: Հասցրել էինք կարոտել թե՛ վարժարանին, թե՛ ուսուցիչներին և իհարկե դասարանի բոլոր աշակերտներին: Գնահատելով հեռավար ուսուցման ընթացքում ուսուցիչների ջանքերը և այդ գործընթացում ունեցած հաջողությունները, միևնույն է, վերադարձն ուսումնական հաստատություն չափից շատ սպասված էր: Այսօր վարժարան ենք եկել այն գիտակցությամբ, որ պետք է պահպանենք բոլոր նախատեսված կանոնները, որպեսզի շարունակենք ուսուցումն այս եղանակով: Վերջապես սկսելով հաճախել դպրոց՝ բոլորս լի ենք ոգևորությամբ, վերջին փոփոխությունների հանդեպ ունեցած ակնկալիքներով ու հաշտեցման փորձերով։ Հանդիպելով տնօրեն տիկին Սաֆարյանին և ուսուցիչներին, նրանցից լսելով խրախուսական, լավատեսական ու ոգևորիչ խոսքեր՝ աշակերտներս լցվեցինք հույսով ու վառ լավատեսությամբ, և միասին հավատալով և պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կհաղթահարենք բոլոր խոչընդոտները։
Միլենա Բաղդասարյան
ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի
12-րդ դասարանի աշակերտուհի