Աբովյանի N 2 հիմնական դպրոցը մասնագիտական հանդիպման հարթակ էր դարձել մանկավարժական համայնքի ներկայացուցիչների համար՝ հյուրընկալելով Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի և թիվ 57 հիմնական դպրոցի մանկավարժներին։ Ներկա էր նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։
Հանդիպման առանցքում էստոնական «Ապագայի դպրոց» կրթական ծրագիրն էր, որի նպատակն է ստեղծել առավել դինամիկ ու արդիական կրթական միջավայր։
Վերապատրաստման ծրագիրը, որն անցկացրին դպրոցի տնօրենն ու աշխատակիցները, մասնակիցներին հնարավորություն տվեց խորությամբ ծանոթանալու միջազգային առաջավոր փորձի տեղայնացման առանձնահատկություններին։ Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց ուսուցչի դերի փոփոխությանը՝ դասախոսողից դեպի սովորողին ուղղորդողի և աջակցողի վերափոխմանը, ինչպես նաև աշակերտակենտրոն միջավայրի ձևավորմանը, որտեղ խթանվում է սովորողների ինքնուրույնությունն ու քննադատական մտածողությունը։
Հատկանշական է, որ փորձի փոխանակումն իրականացվում էր անմիջապես գործնական օրինակների հիման վրա, ինչը հյուրերին հնարավորություն էր տալիս տեսնել ծրագրի դրական ազդեցությունը դպրոցական առօրյայի և կրթության որակի վրա։
Մասնակցինրեը նկատում են՝ մասնագիտական նմանօրինակ հանդիպումները կարևոր են ոչ միայն նոր մեթոդաբանության յուրացման, այլև կրթական տարբեր հաստատությունների միջև ամուր գործընկերային կապերի ստեղծման տեսանկյունից։ Այս այցը ևս մեկ քայլ էր դպրոցների միջև համագործակցության ընդլայնման ճանապարհին՝ նպաստելով մեր հանրակրթության մեջ նորարարական մոտեցումների տարածմանն ու արդյունավետ կիրառմանը։