Երգ, պար, հրաժեշտի վալս. ինչպես մայրաքաղաքի մյուս դպրոցներում՝ Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանում ևս հնչեց վերջին զանգը:
7 ենթահոսք, 152 շրջանավարտ․տարին ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարանի շրջանավարտների համար կրկնակի խորհրդանշական է։ Ուսումնառության ավարտը համընկել է հարազատ կրթօջախի 30-րդ հոբելյանի հետ․ տարիներ, որ նրա սաների համար դարձել են ոչ միայն գիտելիքի, այլև ինքնաճանաչման, անձնային ինքնակատարելագործման կենարար աղբյուր։ Եվ ինչպես նկատում են իրենք՝ վարժարանցիները, 30 տարի, որի ամեն օրը փոքրիկ տոն է, բարևից սկսվող մի մեծ պատմություն։
«Վարժարանի հոգին պատմությունն է, իսկ մենք՝ նրա հիշողությունը»,-ասում են սաներն ու հրաժեշտ տալիս ավանդույթներով հարուստ իրենց կրթօջախին։
Վերջինզանգյան տոնական ցերեկույթի ընթացքում շրջանավարտները թերթեցին պատմության էջերը՝ երախտագիտությամբ հիշելով նրանց, ովքեր ձեռնամուխ եղան Հայաստանում իր տեսակով եզակի նոր կրթօջախի, մեր երկրում համալսարանին կից առաջին վարժարանի հիմնադրմանը։ Կրթօջախ, որի լույսը դարձավ հույսի ջահ՝ կրթության ու գիտելիքի ճանապարհին․«Մենք երջանիկ ենք այս վարժարանի սանը լինելու համար, հպարտ ենք, որ մեր ուսուցիչների ամենահամարձակ երազանքների մարմնավորողն ու իրականացնողն ենք, հպարտ ենք կրելու ՀՊՄՀ-ի հենակետային վարաժարանի շրջանավարտը լինելու բարձր տիտղոսը»,-նշեցին նրանք։
Ուսումնառության ավարտի առթիվ շրջանավարտներին շնորհավորեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ընդգծեց՝ վարժարանը վաղուց անքակտելի մաս է կազմում Մանկավարժական համալսարանի, ինչով պայմանավորված՝ բոլոր կարևոր հարցերի պատասխանները միասին են տրվում։
Ռեկտորը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ իրենց երեխաների կրթությունը Հենակետային վարժարանին վստահելու համար, նշեց՝ այստեղ գործում է տեսություն-պրակտիկա-նախաձեռնություն շղթան։
Պրոֆեսոր Գևորգյանը նաև հպարտորեն ընդգծեց՝ վարժարանն իր գործունեության 30տարիներին ոչ միայն կրթել, այլև հանդիսացել է մասնագետների պատրաստման և զարգացման կարևորագույն մոդել։ Ինչպես ընդգծեց ռեկտորը՝ այդ առումով խոսուն են թվերը․շրջանավարտներից գրեթե բոլորը դիմել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ, վարժարանի շնորհիվ ունեն գիտության 44 թեկնածու, նրանցից 9-ը այսօր էլ դպրոցական գործընթացում են՝շարունակելով կատարելագործել ներկայիս կրթության առջև դրված բարեփոխումները, իրենց մասնագիտական գործունեությունը ներդնում հանուն ապագա սերունդների կարևորագույն որակների զարգացման։
ՀՊՄՀ-ի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը վարժարանի երկարամյա տնօրենն է եղել․ ինչպես նկատում են սաները՝ այսօր էլ նա շարունակում է սիրահարված մնալ վարժարանին և ապրել նրա հոգսերով։
Նաիրա Սաֆարյանը վստահեցնում է՝ նույն հպարտությամբ ու հավատով շուրջ 30 տարի քայլում է կրթօջախի հետ միասին, ձեռքձեռքի բռնած, որտեղ սովորելն ու սովորեցնելը դարձել են հաճելի, ոգևորելն ու խրախուսելը, հավատալն ու վստահելը՝ գերակա։
Նա իր երախտագիտությունը հայտնեց վարժարանի հիմնադրման նախաձեռնող խմբի բոլոր անդամներին, ի դեմս՝ պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանի․«30 տարիների անցած ճանապարհն այլևս պատմություն է` լի բազմաթիվ դժվարություններով, խոչընդոտներով, որոնք միշտ հաղթահարվել են, արձանագրելով միայն ու միայն հաջողություններ, առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ։Այդ 30-ամյա պատմության վերջին 3 տարիները կերտել եք դուք, սիրելի շրջանավարտներ»,-շնորհավորելով «Վերջին զանգ»-ի առթիվ նշեց Նաիրա Սաֆարյանն ու հույս հայտնեց, որ նույն վստահությամբ, հպարտությամբ, նույն հաստատուն քայլերով և ձեռքբերումներով կշարունակեն բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը՝ իրենց հաջողություններով հարստացնելով վարժարանի պատմության էջերը։
Ինչ-որ մեկի ձեռքի թեթև շարժումից գրքերի բազմաշար դարակից վայր ընկավ հաստափոր մի գիրք՝ վրան՝ ոսկեգիր վերնագիրը «Մեր սրտի վարժարան»․գիրքը վարժարանի բազմաբովանդակ պատմության 30-րդ հատորն էր, որի գլուխներում տեղ էին գտել տարբեր հոսքերի շրջանավարտների երախտագիտության և շնորհակալական խոսքերը։
Ապագա պատմաբանները նկատեցին՝ գիտեն անցյալը, ճանաչում են ներկան, բայց իրենց հայացքը հառած է ապագային։ Նրանք, որ պարտավոր են հիշել, նաև՝ վերլուծել, կառուցել, սիրել, ժառանգել պատմությունը ոչ որպես բեռ, այլ որպես կամք, ուժ, ոգի ու կառուցել Հայաստանը սիրով և խիզախությամբ։
«Պատանեկության ճանապարհը սկսվում է վարժարանից, իսկ նպատակակետը քո երազանքներն են»,-հրաժեշտի իրենց խոսքում նշեցին «անգլերենի դեսպաններ»-ն ու վստահեցրին՝ իրենց պատմությունը դեռ շարունակվելու է այլ գրքերում և ուրիշ պատմությունների էջերում․այսօր գրքի այս գլուխը վստահում են եկող սերունդներին։
Ապագա լրագրողները գիտեն՝ թրի տեղ`գրիչ, զենքի տեղ`խոսք․իրենք անպարտելի են, քանզի իրենց զենքերն են գիրն ու լեզուն, որոնց շնորհիվ հասանելի են մութ ու անթափանց բոլոր անկյունները։ Ասում են՝ վարժարանում գտել են պատասխանն այն հարցի, թե կարելի է արդյոք ապացուցել անապացուցելի։ Հիմա, որ կանգնած են կյանքի ճամփաբաժանին, ուր վարժարանն անցյալում է, իսկ այս օրն ու այս պահը «Ոսկե հատման» կետ, ցանկանում են, որ կյանքի շարունակությունն էլ կառուցված լինի նույն օրենքով օրենքով՝ գեղեցիկ, խելացի, հավասարակշռված և սիրով լի։
«Բացահայտելով հոգին՝ գտանք մի ողջ աշխարհ»,-հրաժեշտի իրենց խոսքում նշեցին հոգեբաններն ու նկատեցին՝ վարժարանական տարիներն իրենց համար դարձան ինքնաճանաչման ուղի, իսկ հոգեբանությունը`ոչ միայն գիտություն, այլև ճանապարհ՝ դեպի մարդը, նրա ներաշխարհը։
«Պարը` թռիչքը մեր հոգու թևերի»,-հրաժեշտի իրենց վերջին պարը ներկայացրին ապագա պարողներն ու նկատեցին՝ ամեն ծափ ու ցատկ լցնում են կյանքով ու ոգեղենությամբ, անգամ փոշեհատիկն աննշան, որ նստել է գրքերի վրա, կպարի իրենց հետ բեմի վրա։
Վարժարանի հրաշազարդ գրքի գույներն ու հրաժեշտի ցերեկույթն ամբողջացրին գույների վարպետները՝ նկարիչները․այստեղ են հասկացել, որ ամեն վրձնահարվածի, մատիտի ամեն մի անկանոն շարժման մեջ, սրտի թրթիռին է պետք լսել։
«Ահա և վերջ․հրաժեշտ, որ բնավ չի ազդարարում ավարտ, ամփոփվում է ոչ թե վերջակետով, այլ կախման կետերով, որոնք լրացվելու են եկող սերնդի բեղմնավոր գրչով։Մեր մասնակցությամբ մաս-մաս կերպավորվեց «մեր սրտի վարժարան» գրքի 30-րդ հատորը, բայց հորիզոնում նշմարվում է մի նոր պատմություն՝ վարժարանի հաջորդ սերունդների խոստումնալից շարունակությամբ՝ լրացնելով անավարտ այս գրքի նորանոր հատորյակները»-հրաժեշտի վերջին և ամենաբարի էջերն ամփոփելով նշեցին ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարանի շրջանավարտները։