ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի 27-րդ շրջանավարտների համար այսօր հնչեց «Վերջին զանգ»-ը:
5 հոսք` 125 աշակերտ hուզված, բայց նաև հպարտությամբ հրաժեշտ տվեց կրթօջախին՝ խոստանալով բարձր պահել հարազատ դպրոցի պատիվը:
27-ամյա դարբնոցի շրջանավարտներն ուսուցիչներին իրենց երախտիքի խոսքն ուղղեցին բանաստեղծություններով, շնորհակալական խոսքերով, երաժշտական, պարային կատարումներով և վստահեցրին` վարժարանում են սովորել պայքարի ու հաղթանակի արժեքն ու գինը:
Աշակերտները միակարծիք են՝ հիմա իրենք ավելի հասուն են, գիտակից ուսուցիչների խորհուրդները հասկանալու, ընկալելու և դրանցով առաջնորդվելու համար:
Ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: Նա վստահեցրեց, որ մանկավարժներն այս տարիների ընթացքում ձգտել են աշակերտներին շրջապատել ջերմությամբ, մաքուր և անաղարտ հարաբերություններով, դաստիարակել ազնիվ ու բանիմաց վարժարանցի, կերտել երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:
«Այսօր կյանք ենք ճանապարհում շատ հասուն և կազմակերպված նոր՝ հզոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը: Այս պահից դուք թևակոխում եք կյանքի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու, առավել աշխատասեր և նպատակասլաց: Շարունակե՛ք, հարստացնել ձեր գիտելիքներն ու իմացությունները»,-նշեց Նաիրա Սաֆարյանն ու հավելեց, որ վստահ է` այս շրջանավարտները դառնալու են Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիներ:
Դիմելով շրջանավարտների ծնողներին` Նաիրա Սաֆարյանն ընդգծեց` վշտի, անհանգստության այս դժվարին պահին չպետք է մոռանալ մեր սերունդների երջանկության մասին, որովհետև որևէ այլ նպատակ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան երեխաների երջանկությունը:
Վարժարանցիների «Վերջին զանգ»-ի այսօրվա ձեռնարկն ապացուցեց՝ այս տարվա շրջանավարտները նույնպես գիտակցում են, որ լուսավոր ապագան դեռ սպասում է, անցյալում թողած մեր պարտքը կանչում է:
Վարժարանի ուսուցիչները ևս շնորհավորեցին շրջանավարտներին և մաղթեցին, որ դպրոցական զանգի ղողանջները դառնան նրանց համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը։
Նյութի աղբյուրը՝ https://aspu.am