«Վերջին զանգը» ՀՊՄՀ հենակետային վարժարանում

24.05.2024

«Մեծագույն պատիվ է քո սանը լինելը, հենակետային վարժարան» հպարտության այս զգացումով ՀՊՄՀ հենակետային վարժարանին հրաժեշտ տվեցին կրթօջախի շրջանավարտները։

7 ենթահոսք` 133 հուզված, հպարտ ու  երախտապարտ վարժարանցի կսկի իր կյանքի նոր ուղին՝ ամենուր պատմելով այն հարազատ կրթօջախի մասին, որտեղ իրենց կրթել են, սովորեցրել են սովորել, շնորհակալ լինել։

Շրջանավարտներն իրենց ուսուցիչներին երախտագիտությունը հայտնեցին շնորհակալական խոսքերով, երաժշտական, պարային կատարումներով և վստահեցրին` վարժարանում ոչ միայն գիտելիք են ստացել, այլևս սովորել են ձգտել, սիրել, երազել։ Խոստովանում են՝ վարժարանական երեք տարիներն իրենց շատ են փոխել՝ նոր գիտելիքներ, ընկերներ, մարդկային արժեքների մեծ պաշար, սեր, ջերմություն, որ կուղեկցեն իրենց ամենուր։  

Ուսումնառության ավարտի առթիվ շրջանավարտներին շնորհավորեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Այս դպրոցը հանրապետության մյուս դպրոցներից առանձնանում է, քանի որ ունի Մանկավարժական համալսարանի աջակցությունն ու առաջնորդությունը։ Դուք ունեք էլ ավելի լավ պայմաններ՝ ձևավորելու այն կարևոր կարողունակությունները, գիտելիքներն ու հմտությունները, որոնք էականորեն կպայմանավորեն ձեր հաջողությունները, կյանքի հաջող հանգրվանները»,-նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու շնորհակալություն հայտնեց բուհին և վարժարանին՝ հետևողական ջանքերի համար։

Արթուր Մարտիրոսյանն օրեր առաջ միջազգային պատվիրակություն էր ուղեկցել հենակետային վարժարան վստահեցրեց՝ պատվիրակները հիացած և տպավորված էին աշակերտների գիտելիքներով և ուսուցիչների նվիրումով։ «Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելություն դա շատ կարևոր է կրթության կազմակերպման գործում»,-նշեց նախարարի տեղակալն ու շրջանավարտներին մաղթեց, որ կյանքի հաջորդ բարդ փուլերում հավատան գիտելիքի ուժին, մշտապես ու անընդհատ կրթվեն՝ մրցունակ լինելու և երկրի համար լավ քաղաքացի լինելու համար։

«Վերջին զանգ»-ի առթիվ վարժարանցիներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

«Այն նախապատվությունները, որոնց ներքո շարունակելու եք ձեր մասնագիտական կողմնորոշումները, իրագործելու են մեր և ձեր իղձերը, ապագայի ձգտումները։ Դուք գեղեցիկ եք, բարի, գիտելիքահեն, տաղանդաշատ, ունեք սեփական և ինքնուրույն քննադատական մտածողությունայս ամենը թույլ է տալիս վստահ լինելու, որ ապագան հուսալի ձեռքերում է։ Իրագործեք մեր և ձեր երազանքները, որ երկուստեք վայելենք բերկրանքը»,- նշեց Սրբուհի Գևորգյանը։

Վերջինս իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց վարժարանի ուսուցիչներին՝ նվիրյալների այն բանակին, որոնց անձնվեր ու անմնացորդ աշխատանքի շնորհիվ ունենք նման հրաշալի շրջանավարտներ, ինչպես նաև ծնողներին՝ իրենց երեխաների կրթությունը Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանին վստահելու համար։

Արդեն երեք տասնամյակ է՝ վարժարանի ուսուցիչներն իրենց սաներին ճանապարհում են նույն զգացողություններով հպարտանում են, հուզվում, ուրախանում և որ կարևորն է՝ հավատում, որ հազարամյակներ շարունակ կրթության հանդեպ մեծ հարգանք ունեցող ազգի ամեն հաջորդ սերունդն առավել ուժեղ, պատասխանատու ու զորեղ է լինելու։

 ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը  վարժարանի երկարամյա տնօրենն է եղել։ Երեք տարի առաջ միասին են սկսել այն ճանապարհը, որն այլևս անցյալում է։

«Հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ մեր ճանապարհները մի փոքր խզվեցին, բայց խոստովանում եմ՝ ոչ մի օր և վայրկյան իմ մտքից ու հոգուց դուրս չեք եկել։ Չնայած այսօր հրաժեշտ ենք տալիս միմյանց, բայց դուք այլևս իմ սրտում եք»,-նշեց պրոռեկտորն ու մաղթեց, որ իրագործվեն շրջանավարտների և նրանց հետ կապված իր  երազանքները։

Վարժարանի «Վերջին զանգ»-ը կարծես մեկ անգամ ևս ապացուցեց՝ այս տարվա շրջանավարտները նույնպես գիտակցում են իրենց պատասխանատվությունը հայրենիքի ապագան կերտելու գործում։ Խոստովանեցին՝ հպարտ են, որ այսօր առավել քան միասնական են։

«Երբ միասնական ենք, մնում է միայն մեկ բան՝ սիրել հայրենիքը։ Իսկ հայրենիքը սկսում է հենց վարժարանից հրաշքներին հավատալու ժամանակն է»,-ասում են շրջանավարտներն ու խոստանում իրենց գիտելիքներով ծառայել հայրենիքին«Թող մեզնից և մեզնով սկսվի վերածնունդը»։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software