Յուրատեսակ դաս՝ էքսկուրսիա

13.04.2022

 

 

Յուրատեսակ դաս-էքսկուրսիա՝ վարժարանի Ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի աշակերտների համար։ Ապրիլի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը։ ՀՊՄՀ-ի վարժարանի  Ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի աշակերտները տոնը նշեցին յուրատեսակ ձևաչափով։ Դասղեկ Գոհար Նահապետյանի ուղեկցությամբ վարժարանցիները էքսկուրսիա անցկացրին բնության գրկում՝ հաճելին համադրելով օգտակարի հետ։

Աշակերտների առաջին կանգառը Չարենցի կամար հուշարձանի մոտ էր. նրանցից ոմանք առաջին անգամ էին ծանոթանում հուշակոթողի ստեղծման պատմությանը, այդ հիասքանչ վայրից առաջին անգամ վայելում Արարատը իր ողջ հմայքով։ Հետաքրքրաշարժ ու բացահայտումներով լի էքսկուրսիայի հաջորդ կայանը Գառնու հեթանոսական տաճարն էր, ապա Գեղարդի վանքը։ Հատկանշական էր, որ եկեղեցական այդ կարևոր տոնի առթիվ աշակերտները եղան Սուրբ Աստվածածին կամ Մաշտոց Հայրապետ եկեղեցում, որը միջնադարյան լավ պահպանված հուշարձաններից է և թվագրվում է 1315 թվականին։

Ուսումնաճանաչողական դաս-էքսկուրսիան շատ լավ առիթ էր նաև լիարժեք հանգիստ կազմակերպելու համար։ Դասղեկ Գոհար Նահապետյանը նշեց, որ աշակերտները այս ձևաչափով դասերի, այցերի մեծ ցանկություն ունեն, քանի որ այն նպաստում է ոչ միայն հայրենաճանաչողությանը, այլև հնարավորություն է ընձեռում դասերից դուրս միմյանց ճանաչել, լավ ժամանակ անցկացնել։ Գերհագեցած, հետաքրքիր ու հիշաիժան օրվա ավարտին աշակերտները խոստովանում են՝ լիահույս են,որ նման դաս-արշավները կլինեն շարունակական:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software